Հունիսի 6-ին Ավանդական բժշկության համալսարանը հյուրընկալեց ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության հյուպատոսին՝ պարոն Արա Մկրտչյանին և հյուպատոսական բաժնի աշխատակցուհի՝ Սոֆյա Պողոսյանին։
Նրանք հանդիպում ունեցան համալսարանի ղեկավարության հետ, շրջեցին համալսարանի տարածքում, ծանոթացան ակադեմիական միջավայրին, ԱԲՀ-ի կրթական ծրագրերին և կրթական գործընթացի առանձնահատկություններին։ Այնուհետև հանդիպեցին հորդանանցի ուսանողներին՝ ջերմ և բովանդակալից զրույցի ընթացքում քննարկելով նրանց կրթական կարիքներն ու ակնկալիքները։ Հանդիպման հիմնական առանցքում ուսանողների կրթական հնարավորություններն էին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հորդանանում, ինչպես նաև երկկողմ ապագա համագործակցության հնարավոր ուղիները։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կրթության ոլորտում համատեղ նախաձեռնություններից մինչև տուրիզմի զարգացումը, որպես խթան կրթության համար։ Հյուպատոսը հատուկ շեշտեց, որ ակտիվ զբոսաշրջային շարժը կարող է նպաստել նաև երկկողմ կրթական կապերի ամրապնդմանը։
Նրանց այցը բացառիկ հնարավորություն էր ինչպես համալսարանի ղեկավարության, այնպես էլ մեր ուսանողների համար՝ անմիջական շփման և երկխոսության ձևավորման տեսանկյունից։
Թե՛ ԱԲՀ-ի ղեկավարությունը, թե՛ հյուպատոսը վստահեցրին, որ փոխադարձ պատրաստ են օժանդակել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են երիտասարդների կրթության զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։