ԱԲՀ-ում օտարերկրացիները բարձրագույն մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված ուսուցման առկա ձևով:
ԱԲՀ ընդունված օտարերկրյա ուսանողների համար ուսուցումը կազմակերպվում է գրական հայերենով կամ օտար լեզվով /անգլերեն, ռուսերեն/:
ԱԲՀ կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են առնվազն ՀՀ միջնակարգ կրթության մակարդակին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ /ատեստատ, վկայական/:
ԱԲՀ-ում օտարերկրացի դիմորդների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության և գիտելիքների ստուգման /այդ թվում՝ նաև հետագա ուսուցման լեզվի իմացության/ հիման վրա:
Հետագա ուսուցման լեզվին կամ ԱԲՀ-ի համապատասխան մասնագիտության ընդունելության համար նախատեսված քննական առարկաներին չտիրապետող օտարերկրացիները կարող են ուսուցումն անցնել համալսարանի նախապատրաստական դասընթացում:
Գիտելիքների ստուգումների արդյունքների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել առաջին կուրս:
Գիտելիքների ստուգումն անցկացվում է ԱԲՀ-ի կողմից սահմանված գիտելիքների ստուգման կարգով՝ ՀՀ միջնակարգ կրթական ծրագրով:
ԱԲՀ-ում գործող կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրացիների ընդունելության ժամկետը, կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը:
ԱԲՀ օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից՝ փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց հետո, ՀՀ Կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա, ԱԲՀ ղեկավարի հրամանով:
ԱԲՀ օտարերկրացիների ընդունելության ժամկետները սահմանվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
1. դիմում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով
2. նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ՝ համաձայն ձևի
3. բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից
4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և /կամ/ մկրտության վկայական
5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը
6. 3x4 չափսի 4 լուսանկար
7. ինքնակենսագրություն /CV/՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով
Նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման՝ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կողմից համապատասխան փաստաթղթերի հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
Փաստաթղթերը նախարարություն են ներկայացվում ՝
1. դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.
2. ԱԲՀ-ի կողմից.
3. օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
4. փոստով /այդ թվում՝ էլեկտրոնային փոստով/՝ նախարարության պաշտոնական հասցեով: