2021 թ. հունիսի 17 -ին, տեղի ունեցավ Ավանդական բժշկության համալսարանի նոր՝ երրորդ մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին հիմնադիրները, բուհի աշխատակիցներ, հյուրեր, շինարարներ:
Արարողությունը սկսվեց համալսարանի հիմնադիրներ՝ ռեկտոր Նորայր Սարիբեկյանի և դեկան Անահիտ Կարապետյանի բացման ու շնորհավորանքի խոսքերով:
Հակիրճ ներկայացվեց կրթօջախի ստեղծման պատմությունը և կարևորելով հիմնարկեքի արարողությունը` մասնավորապես ասվեց.
« Դեռևս 1991 թ., երբ հիմնադրվեց Ավանդական բժշկության համալսարանը, հիմնադիրների ամենաբաղձալի երազանքներից էր սեփական ուսումնական շենք ունենալը: Եվ ռեկտորը ձեռնամուխ եղավ սեփական շենքի ձեռքբերման գործընթացին: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ նա հասավ հաջողությունների և ԱԲՀ-ն այդ տարիներին միակ ուսումնական հաստատությունն էր, որի ուսանողները կրթություն էին ստանում նյութատեխնիկական հարուստ բազայով հագեցած սեփական գեղեցիկ շենքի կամարների ներքո: Բժշկական բուհի համար կարևորելով սեփական կլինիկա ունենալու անհրաժեշտությունը, 1997 թ. ստեղծվեց համալսարանի Գիտաբժշկական կենտրոնը: Հաջորդ քայլը այդ կենտրոնի համար առանձին մասնաշենքի կառուցումն էր, որը հաջողությամբ պսակվեց 2005 թ-ին:
Այսօր արդեն սկսվում է համալսարանի ապագայի հետ կապված հիմնադիրների բազում մտահղացումներից ևս մեկի իրականացման առաջին փուլը: Եվ սա միայն սկիզբն է:
Այս նոր կառույցը իր ժամանակակից, հարմարավետ պայմաններով ծառայելու է մի քանի նպատակների՝ ուսումնական, կլինիկական, լաբորատոր հետազոտությունների և այլն:
Նոր մասնաշենքը կհամալրի տարիների ընթացքում ստեղծածը, և դրանով համալսարանը կունենա մասնաշենքերի մի գեղեցիկ համալիր, ինչն էլ կպարտավորեցնի թե՛ համալսարանի տնօրինությանն ու աշխատակազմին, թե՛ դասախոսներին և ուսանողներին ջանք չխնայելու` շենքային պայմաններին համապատասխան կրթության մակարդակ ապահովելու համար:
Արդեն մեկ ամիս է, ինչ համալսարանի գլխավոր մասնաշենքին կից տարածքը վերածվել է շինհրապարակի, շինարարական աշխատանքների եռուզեռ է….
Հիմնարկեքի հուշաթուղթն ընթերցեց ԱԲՀ-ի մարդկային ռեսուրսների և ընդհանուր բաժնի վարիչ, վաստակաշատ աշխատակցուհի Նվարդ Թարջումանյանը:
«Ամենակալ և բարեհաճ Աստծու կամքով 2021 թվականի հունիսի 17-ին կատարվեց Ավանդական բժշկության համալսարանի նոր մասնշենքի հիմնարկեքը: Կառուցումն իրականացվում է Ավանդական բժշկության համալսարանի հիմնադիրներ տեր Նորայր Սարիբեկյանի և տիկին Անահիտ Կարապետյանի նախաձեռնությամբ ու ջանքերով:
Աստծու կամքով կրթօջախը կշարունակի լինել օրինակելի կրթական հաստատություն, կապահովի կրթության պատշաճ մակարդակ, նրա շրջանավարտները կշարունակեն համալրել հայրենի և արտասահմանյան առողջապահական համակարգերը: Կրթօջախը եղել և լինելու է բժշկական կադրերի պատրաստման օրրան՝ ներկայիս և գալիք սերունդների համար:
Նորակառույց շինության հիմքին ամրություն ու անսասանություն:
Հիմնադիրներին կենաց արևշատություն, կրթության բնագավառում հաջողություններ, իսկ հետագայում նրանց ազգանվեր գործը շարունակող և զարգացնող թոռնիկ Վահե Խաչատուրյանին նորանոր ձեռքբերումներ»:
Հիմնադիրների ստորագրած հուշագիրը դրվեց շինության հիմքում և տրվեց համալսարանի նոր մասնաշենքի շինարարության պաշտոնական մեկնարկը:
Ներկաները հուզմունքով և ոգևորությամբ իրենց անկեղծ բարեմաղթանքները հղեցին այդ կարևոր նախաձեռնության կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ ու նվաճումներ: