Նոյեմբերի 21-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ բ․գ․թ․, պրոֆեսոր Է․Մ․Մինասյանի «Արևելյան ավանդական բժշկության տեսական հիմունքները և ասեղ-այրում թերապիա առարկան» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Ուսումնական ձեռնարկի համահեղինակներն են՝ ՌԴ Մոսկվա քաղաքի «Ինտրամեդ կենտրոնի» գլխավոր բժիշկ, «Չինական բժշկության» ամբիոնի պատվավոր անդամ Վ.Ս. Մկրտչյանը, «Իզմիրլյան» ԲԿ-ի «Վերականգնողական կենտրոնի» տնօրեն, բ.գ.թ. Ն.Ս. Մկրտչյանը:
Դասագրքում ամփոփվել է չինական ավանդական բժշկության փիլիսոփայական աշխարհայացքները, զարգացման փուլերը: Այն առաջին հայալեզու ուսումնական ձեռնարկն է, որում ներառված է «Ասեղ-այրում թերապիա» առարկայի ամբողջ տեսական մասը և արտացոլում է պրոֆեսորի պրակտիկ աշխատանքի շուրջ 33 տարվա փորձը։
Ուսումնական ձեռնարկն ուղեցույց է ուսանողների, բժիշկների համար, քանզի այն իր խորը բովանդակությամբ, ահռելի ինֆորմացիայով և նորություններով պատասխանում է շատ ու շատ հարցերի, լրացնում է ժամանակակից բժշկությանը և է՛լ ավելի հարստացնում բժշկի գիտելիքները:
ԱԲՀ հիմնադրման օրվանից առ այսօր համալսարանի աշխատանքներին, գիտակրթական ծրագրերի իրականացմանը անմնացորդ նվիրումի և անբասիր աշխատանքի համար ԳԽ-ի որոշմամբ դասախոս, բ․գ․թ․, պրոֆեսոր Է․Մ․Մինասյանին հանձնվեց պատվոգիր և որպես խրախուսանք՝ դրամական պարգև:
Ավանդական բժշկության համալսարանի ողջ անձնակազմը շնորհավորում է այս կարևոր իրադարձության առթիվ, մաղթում՝ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ բժշկության և գիտության զարգացման գործում։