join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Անդրադարձ ԱԲՀ Գիտական մասի վարիչ Ռոման Հովսեփյանի գիտական գործունեությանը

Ավանդական Բժշկության համալսարանի Գիտական մասի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոման Հովսեփյանը մասնագիտությամբ էթնոբուսաբան է, ուսումնասիրում է սննդային, բուժական և այլ նպատակների համար կիրառվող բույսերի օգտագործումը:

«Հետազոտություններս միջմասնագիտական բնույթի են՝ հնաբուսաբանություն, էթնոբուսաբանություն, էթնոբժշկագիտություն և այլն: Իմ հրապարակումները հիմնականում վերաբերում են անցյալ դարաշրջաններում Հարավային Կովկասում բույսերի մշակության, հայթայթման և օգտագործման գործընթացների ուսումնասիրությանը՝ իրավիճակային և պատմական առումներով»,- անդրադառնալով իր գիտական գործունեությանը՝ նշում է Ռոման Հովսեփյանը:

2013 թվականից  Ռոման Հովսեփյանը սկսել է  հետազոտել նաև Հայաստանում ապրող համայնքների ժողովրդական բժշկության ավանդույթները։ Նրա տեղեկացմամբ՝ հետազոտություններն իրականացվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտների տարբեր ոլորտների մասնագետների հետ համագործակցության շրջանակներում։  

«Հրատարակված հոդվածներ ունենք Հայաստանի եզդիների և քրդերի,  Սյունիքի Տաթև համայնքի հայերի ժողովրդական բժշկական ավանդույթների մասին»,-պատմում է Ռոման Հովսեփյանը և հավելում, որ Ավանդական բժշկության համալսարանում աշխատելու ընթացքում  ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գործընկեր Նինա Ստեփանյան-Ղանդիլյանի հետ համագործակցության շրջանակներում ուսումնասիրում է  Հայաստանի մոլոկանների ժողովրդական բժշկության ավանդույթները: Տեղեկացնում է նաև, որ 2020 թվականի սեպտեմբերին կատարել են դաշտային ազգագրական և բուսաբանական հետազոտություններ, որի  հիման վրա ներկայումս հոդված է պատրաստվում:

Բուսաբուժությունը որպես ավանդական բժշկության տեսակ այսօր ինչպե՞ս է ընկալվում, արդյո՞ք այս հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարել է հարցերին անդրադառնալիս ԱԲՀ Գիտական մասին վարիչ Ռոման Հովսեփյանը նշեց.

«Բարդ հարց է, որը մեզ մոտ էլ է ծագել ավանդական բժշկության շուրջ մեր հետազոտությունները սկսելիս։ Նախ՝ ավանդական բժշկություն հասկացության ընկալումն է տարբեր․ առանձին հասարակական շերտեր և մասնագիտական խմբեր տարբեր կերպ են մեկնաբանում այն։ Մարդկանց մի հատվածի համար ավանդական բժշկությունը համայնքի ավագներից իրենց փոխանցված ժողովրդական բժշկական գիտելիքներն ու հմտություններն են, մյուսների համար՝ աշխարհի տարբեր մասերում սկիզբ առած և կիրառվող տարատեսակ այլընտրանքային բուժական գործունեությունները, որոնք կարող են բոլորովին էլ ժողովրդականություն չվայելել»։

Նրա մեկնաբանմամբ՝ մարդկանց վերաբերմունքն ավանդական բժշկության նկատմամբ կախված է առաջին հերթին հենց այդ հասկացության ընկալումից.

«Հասարակ ժողովուրդը սովորաբար հավատ է ընծայում իր համայնքի ժողովրդական բժշկական ավանդույթների վրա հիմնված բժշկությանը, քան օտար ծագման բուժական պրակտիկաներին։ Մարդիկ հիմնականում վստահում են իրենց համայնքի ավագներից եկող ավանդույթներին։ Սակայն, իրավիճակն իրականում ավելի բարդ և բազմաշերտ է։ Մասնավորապես՝ հետազոտության արժանի են հայաստանցիների գրավոր և այլ «պաշտոնական» աղբյուրներին (գրքեր, հոդվածներ, հեռուստառադիոհաղորդումներ, ինտերնետ, պոստերներ և այլն) վստահելը, որը հնարավոր է պայմանավորված է Սովետական շրջանում գոյություն ունեցած հակաժողովրդական և հակաավանդութային պրոպագանդայով»։  

ԱԲՀ Գիտական մասի վարիչ Ռոման Հովսեփյանի կարծիքով՝ գլոբալիզացիոն գործընթացները, տուրիզմը և ինտերնետը ևս իրենց դերն են խաղում ավանդական բժշկության վերաբերյալ մարդկանց վերաբերմունքի ձևավորման գործում։ Տեղեկացնենք, որ ամերիկյան «Ethnobiology Letters» պարբերականում այս հարցերի շուրջ հոդված է հրատարակվել, որին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ՝                                                           https://ojs.ethnobiology.org/index.php/ebl/article/view/1266?fbclid=IwAR090kOO0j40Jdel9m-oLMENAJrSQ_Z3xiPCZrZscKqtbBjoiYmMN2Le8-8

ԱԲՀ Գիտական մասի վարիչի փոխանցմամբ՝ ավանդական բժշկությունը, եթե չի մասնավորեցվում ըստ երկրի, տարածաշրջանի, համայնքի կամ մշակույթի, կարող է ընդգրկել տարբեր ժողովուրդների ավանդական բժշկության տարբեր ճյուղեր՝ բուսաբուժություն, հանքաբուժություն, ասեղնաբուժություն և այլն։ Ավանդական բժշկության այն ուղղությունները (կամ առանձին գիտելիքները), որոնք գիտականորեն հիմնավորված են և գիտական փորձաքննություն են անցել, ընդունելի են նաև ժամանակակից բժշկության և պետական առողջապահական կառույցների կողմից և լայնորեն կիրառվում են նաև մեր ժամանակներում:

Ռոման Հովսեփյանի մեկ այլ հոդվածը՝ «Բուսահավաքչությունը և բուսաբուժությունը Հայաստանի եզդիների կենցաղում» այս հղմամբ՝   http://lraber.asj-oa.am/7037/1/235-247.pdf

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ