Միջազգայնացումը Ավանդական բժշկության համալսարանի ռազմավարության առաջնահերթություններից մեկն է: Միջազգային համագործակցության շրջանակներում համալսարանի պատվիրակությունը սույն թվականի մայիսի 2-7-ը մեկնել էր ԱՄԷ-ի Դուբայ, Շարժա և Աջման քաղաքներ՝ այցելելու մի շարք կրթօջախներ:
Այցելությունների նպատակն էր համագործակցությունների ընդլայնումը, ուսանողների և դասախոսների շարժունության նոր հնարավորությունների ստեղծումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև դիմորդների հավաքագրումը:
Պատվիրակությունը այցելեց բակալավրիատի կրթական ծրագրեր իրականացնող «Success Point College», որի հետ ԱԲՀ-ն համագործակցում է 2 տարի: Հանդիպման ընթացքում կրթօջախի ղեկավարության հետ քննարկվեցին կրթական, ուսումնամեթոդական, կազմակերպչական և այլ հարցեր:
Հանդիպում կայացավ նաև բուժական ֆակուլտետի առաջին կուրսի այն ուսանողների հետ, որոնք ուսումը շարունակելու են մեր բուհում: Ուսանողները հաճելի անակնկալ մատուցեցին. հայերենով ողջունեցին և ասմունքեցին: Ուսանողներին հետաքրքրող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Դիմորդների մասնագիտական կողմնորոշման և հավաքագրման շրջանակներում համալսարանի պատվիրակությունն այցելեց նաև Աջմանի «Alshola American» դպրոցը: Այստեղ ևս կայացան հանդիպումներ, քննարկումներ, հարց ու պատասխան դպրոցի ղեկավարության և սաների հետ:
Համալսարանի պատվիրակությունն այցելեց նաև «Campus International» կազմակերպության Դուբայի մասնաճյուղ, որի հետ համալսարանը համագործակցում է արդեն 7 տարի և արձանագրել է շոշափելի հաջողություններ: Այստեղ քննարկվեցին 2023-2024 ուստարվա ընդունելության հետ կապված հարցեր:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին խմբի ղեկավար ՈԱ ԿԲ գծով պրոռեկտոր Արայիկ Գյոզալյանը, դեկան Անահիտ Կարապետյանը, Ուս. մասի վարիչ Ասյա Սարգսյանը, ՄՌԿ և ընդհանուր բաժնի վարիչ Նվարդ Թարջումանյանը, ՈԱ առաջատար մասնագետ Մանուշակ Հովսեփյանը և Արտաքին կապերի բաժնի վարիչ Անի Սարգսյանը: