2019թ․ մայիսի 14-ին ԱԲՀ-ում տեղի ունեցավ ԱԲՀ-ի «Է.Մ.Մինասյանի անվան Ավանդական բժշկության» ամբիոնի վարիչ բ․գ․թ․, պրոֆ․ Է․Մ․Մինասյանի «Օրգանիզմի էներգոինֆորմացիոն համակարգի ախտորոշում» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։
Ներկա ձեռնարկը վերաբերում է օրգանիզմի Էներգոինֆորմացիոն համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման խնդրին։ Հիմնվելով ձեռք բերված մասնագիտական գրականության և բազմամյա տարիների աշխատանքային փորձի վրա` մշակվել է հիվանդությունների ախտորոշման և բուժման սիստեմավորված, յուրօրինակ մեթոդ, որը հնարավորություն է տալիս օրգանիզմը դիտելու մեկ ամբողջության մեջ, անհատական մոտեցմամբ։ Այս խնդրի լուծմանն է վերաբերվում ներկա աշխատանքը, որի մշակման համար հիմք են հանդիսացել՝
1․Արևելյան ավանդական բժշկությունը իր աշխարհայացքներով, հասկացություններով, ախտորոշման-բուժման մեթոդներով և խորհուրդներով։
2․ Ժամանակակից Արևմտյան բժշկության ասպարեզ մտած գերմանացի գիտնական-բժիշկ՝ Ռ․ Ֆոլլի կողմից մշակված տեսական և գործնական գիտելիքները մարդու օրգանիզմի էներգոինֆորմացիոն համակարգի և նրա ներկայացուցչական կետերի վերաբերյալ։
3․Բուլղարացի հայտնի բժիշկ Իվան Յոտովի կողմից ներկայացված մաթեմատիկական ճոճանակի կիրառումը միանգամայն նոր նշանակությամբ։
Ըստ էության ճոճանակը ներկայացնում է մարդու էքստրասենսոր զգացողությունը շրջակա միջավայրի նկատմամբ։ Այս երևույթը ունի միջազգային ճանաչում՝ որպես ռադիոէսթեզիստական երևույթ։
Ավանդական բժշկության ոլորտում ունեցած բազմամյա գիտագործնական գործունեության և հանրային առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար համալսարանի ռեկտոր կ․գ․թ․, Ն․Խ․Սարիբեկյանը շնորհակալագիր հանձնեց ուսումնական ձեռնարկի հեղինակ բ․գ․թ, Է․Մ․Մինասյանին։