«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) հունվարի 19-ին Ավանդական Բժշկության Համալսարանում իրականացրեց որակի ապահովման համակարգերի մշտադիտարկում համաձայն 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «ՀՀ-ում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատագրման կարգի» և «Ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխան» որոշումների: Մշտադիտարկման այցի ընթացքում ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները առանձին-առանձին հանդիպեցին ռեկտորի և պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ու բարելավման ուղղությամբ ղեկավար կազմի տեսլականի, որակի կառավարման սկզբունքով իրականացվող կանոնակարգերի և մեխանիզմների մշակման, ծրագրերի արդիականության ապահովման, ուսանողների գնահատման, ծրագրերի հետ կապված խոչընդոտների և այլնի մասին:
Հիշեցնենք, որ Ավանդական Բժշկության Համալսարանը գործում է շուրջ 27 տարի, և այդ տարիներին մշտապես եղել է տարածաշրջանի առաջատար կրթօջախներից մեկը՝ պատրաստելով միջազգային չափանիշներին համապատասխան բժիշկ- մասնագետներ: