join

hy Հայերեն

facebook

hy Հայերեն

Գիտաժողով 2021

«Ավանդական բժշկությունը Հայաստանում և հարակից երկրներում»

Գիտաժողովնվիրված Ավանդական բժշկության համալսարանի 30-ամյակին

26-ը հոկտեմբերի 2021 թ., Երևան

Կազմակերպիչ՝ Ավանդական բժշկության համալսարան

Հայաստանում բժշկությամբ սկսել են զբաղվել դեռևս հազարավոր տարիներ առաջ՝ առնվազն բրոնզեդարից, որի մասին վկայում են հնագիտական և հնամարդաբանական հետազոտությունները: Բժշկության մասին գրավոր տվյալներ ունենք հիմնականում միջնադարյան աղբյուրներից (Անանիա Շիրակացի (VII դ.), Միխթար Հերացի (ХII դ.), Ամիրդովլաթ Ամասիացի (XV դ.), Գրիգորիս (ХII դ.) և այլն): Սակայն ավանդական բժշկությանն առնչվող ամեն ինչ չէ, որ գրառվել և հրատարակվել է․ բժշկական գիտելիքի մի մասը գոյատևել և մեզ է հասել ժողովրդական բժշկության ձևով, որը կիրառվում է նաև մեր ժամանակներում: Ժողովրդական բժշկության ձևով պահպանված ավանդույթները, իհարկե, անխառն չեն մնացել: Շատ տեղերում  դրանք ազդվել են ժամանակակից բժշկությունից և օտար ավանդական բժշկությունից, որը ևս ուսումնասիրության արժանի թեմա է: Մեր օրերում ավելի կիրառական են ավանդական բժշկության տարատեսակ ոլորտների այն մեթոդները, որոնց արդյունավետության մասին առկա են գիտական և փորձարարական տվյալներ: Բուժման որոշակի ձևերի արդյունավետության գիտական-փորձարարական ճանապարհով հաստատված լինելը առաջնային կարևորություն ունի ժամանակակից ավանդական բժշկության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդական բժշկությունը, որից հաճախ սերում է ավանդական բժշկությունը, երբեմն շաղկապված է լինում հավատալիքների հետ կամ ներառում է հավատալիքային տարրեր:

Սիրով հրավիրում ենք ավանդական և արդի բժշկությանն առնչվող ամենաբազմազան ոլորտների մասնագետներին այս գիտաժողովում ներկայացնել իրենց գիտական հետազոտությունների արդյունքները  կամ ունկնդրել ոլորտում աշխատող այլ մասնագետների հետազոտությունների մասին պատմող ելույթները:

Գիտաժողովի նստաշրջաններ․

· Ավանդական բժշկությունը Հայաստանում ըստ ազգագրական, բանահյուսական նյութերի և գրավոր աղբյուրների

· Արդի բժշկությանն առնչվող բժշկակենսաբանական հետազոտություններ

Գիտաժողովին որպես ունկնդիր կամ զեկուցող մասնակցելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը (հայտը լրացնելու համար պահանջվելու է գիտաժողովի մասնակցի անուն ազգանունը, աշխատավայրը, էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, իսկ եթե ցանկանում եք ներկայացնել Ձեր հետազոտությունը գիտաժողովում՝ նաև ներկայացվելիք թեմայի վերնագիրը, հեղինակների կազմը և 200-500 բառ ամփոփագիր):

Եթե հոդվածի գիտական չափանիշներին համապատասխանությունը հաստատող և այն հրատարակման համար երաշխավորող տեղեկանք (տե՛ս ստորև) չի ներկայացվել հեղինակի կողմից, ներկայացվելիք թեմայի ընդունման մասին որոշումը կկայացվի 30 օրվա ընթացքում, որի մասին հայտատուն կծանուցվի համապատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:

Գիտական հոդվածների ընդունման պայմաններին և չափանիշներին համապատասխանության դեպքում գիտաժողովի նյութերը կարող են հոդվածների ձևով հրատարակվել Ավանդական բժշկության համալսարանի նորաստեղծ «Ավանդական բժշկություն» պարբերականի առաջին համարում։

Գիտաժողովի և պարբերականում հրատարակվելիք հոդվածների լեզուները՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

«Ավանդական բժշկություն» պարբերականում հրապարակման համար

գիտական հոդվածների ընդունման պայմանները և չափանիշները

Գիտական հոդվածի տպագրման համար հեղինակը պետք է ներկայացնի հոդվածի գիտական չափանիշներին համապատասխանությունը հաստատող և այն հրատարակման համար երաշխավորող տեղեկանք՝ տրված հեղինակի հիմնարկության գիտական խորհրդի կողմից։ Տեղեկանքը պետք է հաստատված լինի գիտ․ խորհրդի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և կնքված լինի հիմնարկության կնիքով։ Որպես այլընտրանք հեղինակը կարող է ներկայացնել երաշխավորագիր գիտական աստիճան ունեցող տվյալ ոլորտի երկու մասնագետների կողմից։ Տեղեկանքի և երաշխավորագրի վրա պետք է նշված լինեն հիմնարկության կամ գիտաշխատողի կոնտակտային տվյալները՝ խմբագրության կողմից անհրաժեշտության դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու նպատակով։ Հոդվածը հրատարակելիս նշվելու է այն հրատարակության երաշխավորող կազմակերպության կամ մասնագետների անունները։ Տեղեկանքի կամ երաշխավորագրի բացակայության դեպքում պարբերականի խմբագրությունը իրավունք է վերապահում հոդվածն ուղարկել անանուն գրախոսության և բացասական կարծիքի ստացման դեպքում մերժել վերջինիս տպագրությունը։

Հոդվածը պետք է ունենա հետևյալ բաժինները․

  •  Վերնագիր (հնարավորինս հակիրճ և հստակ)
  •  Աբստրակտ (մոտ 200 բառ)
  • Հանգուցաբառեր (5-10 բառ)
  •  Ներածություն
  • Նյութը և մեթոդները (պարտադիր նշեք օգտագործված մեթոդաբանությունը՝ հղելով համապատասխան աղբյուրներին)
  •  Ստացված տվյալները
  •  Աղյուսակներ (ըստ անհրաժեշտության, պարտադիր փորձարարական բնույթի աշխատանքների համար)
  • Նկարներ (ըստ անհրաժեշտության)
  •  Ստացված տվյալների մեկնաբանությունը և քննարկումը
  •  Եզրակացություններ
  • Շնորհակալություններ (ըստ անհրաժեշտության)
  • Նշումներ (ըստ անհրաժեշտության)
  •  Օգտագործված աղբյուրներ

Հոդվածը պետք է լինի 2000-6000 բառի սահմաններում։ Տառատեսակը՝ Unicode (Sylfaen՝ հայերենի, Times New Roman՝ լատինատառ և կիրիլիկ տեքստերի համար): 

 Հարցերի դեպքում գրել sci.utma@gmail.com-ին:

Գիտաժողովի կազմակերպչական խորհուրդ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ